ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Նիկոլ Փաշինյան. Կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը պետք է հեռանա

Նիկոլ Փաշինյան. Կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը պետք է հեռանա
07.06.2018 | 23:10

Աժ արտահերթ ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ խորհրդարան բերած ծրագրի առաջնային կետերից է: Վարչապետը հայտարարեց՝ իրենց հիմնական նպատակը ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների հնարավորությունը ժողովրդին վերադարձնելն է:


«Ինչպես հեռացել է կեղծիքներով և ընտրակաշառքով ձևավորված գործադիր իշխանությունը, այնպես էլ պետք է հեռանա կեղծիքներով ու ընտրակաշառքով ձևավորված օրենսդիր իշխանությունը», ֊ հայտարարեց Փաշինյանը: Վարչապետն ու նրա թիմը կարծում են՝ արտահերթ ընտրություններ անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում: «Բնական հարց կծագի՝ իսկ ինչո՞ւ արտահերթ ընտրությունները չանցկացնել հենց հիմա, - նշեց վարչապետը՝ շարունակելով,-անկեղծ ասած՝ ընտրությունները հենց հիմա անցկացնելը մեր քաղաքական թիմին ամենաձեռնտու տարբերակն է, որովհետև մեր կազմակերպած և առաջնորդած թավշյա հեղափոխության ոգևորությունը գտնվում է իր գագաթնակետին, և որևէ կասկած չկա, որ ընտրություններն այսօր անցկացնելու դեպքում մեր քաղաքական թիմը կհաղթի բացարձակ մեծամասնությամբ»:
Փաշինյանը հավաստիացրեց՝ մեկ տարվա մեջ անցկացնելու դեպքում հնարավոր կլինի բարելավել ընտրական համակարգը, բացի այդ՝ քաղաքական մյուս ուժերը հնարավորություն կունենան նախապատրաստվել ընտրություններին:


Նիկոլ Փաշինյանի կարծիքով, Հայաստանի զարգացումը արգելափակած առանցքային խնդիրը ընտրություններում ժողովրդի կամքի հետևողական ձևախեղումն է եղել: Հայաստանի անկախացումից հետո տեղի ունեցած համապետական բոլոր ընտրությունների արդյունքները, բացառությամբ 1991-ի նախագահական և 1999-ի խորհրդարանական ընտրությունների, կեղծվել են, Ազգային ժողովի ամբիոնից իր կարծիքը հայտնեց Հայաստանի վարչապետը:
Ինչո՞ւ պատշաճ քննություն չի իրականացվել, մեղավորները արժանի պատասխանատվության չեն ենթարկվել․ Փաշինյանն ասում է՝ որովհետև իշխանությունը, որպես մեղավոր, պետք է բացահայտեր ինքն իրեն:


«Հայաստանում գործել է պետություն՝ պետությունից դուրս: Ձևավորվել է ընտրակեղծարար արտոնյալների մի խավ, ներառյալ՝ նրանց սպասարկող դատաիրավական համակարգը և նրանց հովանավորող պետական իշխանությունը, որը դուրս է եղել օրենքից և Հայաստանի օրենքները նրանց անհրաժեշտ են եղել միայն քաղաքական հակառակորդներին և անվերահսկելի տարրերին վերահսկելու, հետապնդումների ենթարկելու, ծնկի բերելու համար: Եվ պետությունը բռնազավթած այս ապապետական համակարգը մարդկանց լռեցնելու, վարկաբեկելու, իրար դեմ հանելու, ֆիզիկական և հոգեբանական հաշվեհարդարի ենթարկելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսել», ֊ հայտարարեց վարչապետը:
Ընտրությունները կեղծող իշխանությունը, ըստ Փաշինյանի, իր առջև չի դրել շոշափելի տնտեսական աճ ապահովելու խնդիր.«Որովհետև ներառական տնտեսական աճը, որի ազդեցությունը իրենց վրա զգում են շատ ավելի մեծ թվով մարդիկ, դժվարացնում է մարդկանց վերահսկելու գործընթացը և ոչ միայն փոքրացնում ընտրակաշառքի ազդեցությունը, այլև մեծացնում դրա պոտենցիալ չափը, որովհետև ավելի բարեկեցիկ մարդը պակաս հակված կլինի ընտրակաշառքին, իսկ հակված լինելու դեպքում շատ ավելի մեծ ակնկալիք կունենա: Իսկ նման իրավիճակում փողերը կարող են և չհերիքել»:


Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատմական առաքելություն ունի՝ Հայաստանը հզոր, ազատ և երջանիկ պետություն դարձնելը: Մտադիր են էականորեն մեծացնել պետական եկամուտները, կրճատել ստվերային տնտեսությունը, ոչնչացնել արհեստական տնտեսական մենաշնորհները, արմատախիլ անել կոռուպցիան: «Վարչապետի պաշտոնում չեմ մտնելու կոռուպցիոն որևէ գործարքի մեջ, վարչապետի պաշտոնավարումից որևէ կողմնակի եկամուտ չեմ ունենալու, ցանկացած պաշտոնյա, դատախազ, միլպետ, հարկայինի պետ, նախարար և այլն, ով կփորձի փայ մտնել որևէ բիզնեսում, այսպես ասած՝ «նալոգ դնել» որևէ գործարարի վրա, իմ անձնական թշնամին է և պիտի սպասի պետության ու օրենքի ջախջախիչ հակահարվածին»:

Դիտվել է՝ 2566

Մեկնաբանություններ